ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Facebook

Տարադրամ

Եղանակ

 

ՏԽՈՒՐ ԼՈՒՐԵՐ

 

Նոր փաստաթղթեր

Այսօր Պարույր Սևակի մահվան օրն է PDF Печать E-mail

Քառասունչորս տարի առաջ այս օրը` 1971 թվականի հունիսի 17-ին, Պարույր Սևակը կնոջ և երկու որդիների հետ ավտոմեքենայով դուրս եկավ հայրենի Չանախչի գյուղից: Նրա մեքենան անցավ ճանապարհի դժվարին, ոլորապտույտ հատվածը և վթարվեց Երասխավան գյուղից 8 կմ վերև, զառիվայր իջնող հարթ խճուղու վրա: Մեծ բանաստեղծն ու նրա կինը` Նելլի Մենաղարաշվիլին, զոհվեցին: Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրը գրել ու կարդալ գիտեր դեռ 4-5 տարեկանում: Գրելու փորձեր արել է դեռ 11 տարեկանում: Սևակ գրական կեղծանվամբ (ի հիշատակ Ցեղասպանության զոհ դարձած Ռուբեն Սևակի) նա ստորագրվել է հրատարակված իր առաջին իսկ բանաստեղծությունների տակ: 1940թ. գերազանց առաջադիմությամբ ավարտելով դպրոցը` Պարույր Սևակն ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Իսկ 1950-55թթ Սևակը ուսանել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում: Ավարտելուց հետո 4 տարի դասավանդել է նույն բուհում: Պարույր Սևակն ամուսնացել է իր համակուրսեցու` Մայա Ավագյանի հետ: Շատ չանցած` ծնվել է նրանց առաջնեկը` Հրաչյան: Որոշ ժամանակ անց բաժանվելով Մայայից` Պարույր Սևակն ամուսնացել է Նելլի Մենաղարիշվիլու հետ, որը նրան որդի է պարգևում` Արմենը: 1963-71թթ Սևակը եղել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1966թ. Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար: 1970թ.Պարույր Սևակը պաշտպանել է դիսերտացիա` ստանալով բանասիրական գիտությունների դոկտորի կոչում: Մահացել է 1971թ. հունիսի 17-ին` ավտովթարից և թաղվել հայրենի գյուղում:

Անջատում

Լռություն է: Խորունկ: Խորհրդավոր:
Ամե՜ն ինչ է լռել: Եվ լռել է այնպես,
Ինչպես բառարանում բառն է լռում:

Եվ գիշերը չունի տասներկու ժամ,
Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս
Այս ասֆալտի՞ց արդյոք,
Թե՞ այս տըրամվայից,
Որ ձգվել է հիմա լուռ փողոցում`
Ինչ-որ հեքիաթական թրթուռի պես:
Ուրեմն անջատված է հոսանքն էլեկտրական:

«Անջատվա՜ծ է»:
Այս բառն ինձ դարձըրել է կշեռք
Եվ ուզում է իր ճիշտ քաշն իմանալ: Սակայն
Իմ խեղճ թվացույցին այդքան թվեր չկա՜ն…

Ո՞ւր ես: Ի՞նչ ես անում: Անջատվա՜ծ ենք:
Մագնիսական դա՛շտ կա: Անջատվա՞ծ ենք:
Խնձորն էլ են քամում – հյութը հանում միջից:
Այդպես էլ մենք ահա… անջատվա՜ծ ենք…

Ֆուտբոլասեր չեմ ես: Բայց աչքերիս դիմաց
Ինչ-որ մի գնդակ է անվերջ կաղում-խաղում:
Խենթանում են այսպե՞ս: Գնդակն ի՞նչ գործ ունի
Ի՛նձ հետ, լռությա՛ն հետ և մեր անջատմա՛ն հետ…

Եվ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ,
Այլ շչակի ձայն է, կայարանի աղմուկ,
Եվ կանացի ձեռք է` ճյուղի նման ջարդված…

Տեսնես թե աշխարհում կա՞ գեթ մի կենտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս…

Կա՞: Պատասխան չկա: Լռություն է:
Ճիշտ է, որ պատասխան իրոք չկա,
Բայց և լռությո՛ւն չէ: Համատարած ճի՜չ է:
Համատարած կա՜նչ է: Համատարած գոռո՜ց:

Քառահատոր հսկա բառարանը հիմա
Մե՛կ բառով է լցված` «անջատվել»-ով:

Եվ մե՛կ միտք է հիմա մեջըս գոռում-գոչում,
-Աշխարհում կա՞ արդյոք գոնե մի կե՛նտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս…